ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման հարցը դե յուրե ներառված չէ օրակարգում, սակայն երկուշաբթի ազատ քննակումների ժամ է նախատեսվում, որի ժամանակ էլ հայկական պատվիրակությունը կբարձրացնի այդ հարցը: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Բացի այդ, Զոհրաբյանի խոսքով, ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ԵԽ անդամ երկրների արտաքին քաղաքականության օրակարգում ժողովրդավարական խնդիրները հարցը. «Այդ համատեքստում ես կբարձրացնեմ Հունգարիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գործողությունների ամոթալի հարցը»:
Պատգամավորը նաեւ հայտնեց, որ մինչ ԵԽԽՎ լիագումար նիստն անցկացվում են հանձնաժողովների նիստեր, եւ վերջերս կայացած քաղաքական հանձնաժողվի նիստում հայկական պատվիարկության անդամ Արմեն Ռուստամյանը բարձրացրել է այն հարցը, որ լիագումար նիստում պետք է պարտադիր կերպով քննարկվի Սաֆարովի արտահանձնման եւ ներման խնդիրը: «Մի քանի օր առաջ Փարիզում կայացած միգրացիայի եւ փախստակաների հարցերով հանձնաժողովի նիստում ես բարձրացրեցի լիագումար նիստում Սաֆարովի գործով պարտադիր քննարկում անցկացնելու հարցը: ԵԽԽՎ-ն պետք է հայտնի իր դիրքորոշումն այդ հարցի հետ կապված»,-ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերի 1 –ին:





























