Անկախությունը խորհուրդ չէ, այլ արժեքային համակարգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Անկախությունը յուրաքանչյուր ազգի, մասնավորապես մեզ համար, ինքնության հաստատում է եւ ազգի եւ պետության հավերժության հիմնական գործոնն է»,- նշեց նա:
Խոսելով Հայաստանի անկախության տարիների ժամանակ ունեցած ձեռքբերումների եւ բացթողումների մասին` Գալուստ Սահակյանը նշեց, որ անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը Հայաստանն է, իսկ բացթողումները անկախության հետ կապ չունեցող գործոն են: «Յուրաքանչյուրը տրամաբանորեն կարող է ասել եւ դրականը եւ բացասականը, անկախության արժեհամակարգը այդ դաշտից հեռու է, ձեռքբերումները եւ բացթողումները ժամանակի խնդիր են, իսկ անկախությունը ազգի ինքնությունն են եւ հավերժության խորհրդանիշը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21-ին. Հայաստանում նշում են անկախության 21-ամյակը, ինչի կապակցությամբ նախատեսված են տոնական միջոցառումներ:
Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:
1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն հռչակելու հարցով: Մոտ 2 միլիոն 50 հազար մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 94,99 տոկոսը «Այո» ասացին անկախությանը: Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ:
Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:




























