Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նորոգված հիմնական մասնաշենքի վերաբացմանը՝ լրացուցիչ նոր ցուցասրահներով եւ ցուցադրությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շրջել է Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացումից ճիշտ մեկ տարի անց վերաբացված հիմնական մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման արդի չափանիշներին համապատասխան ստեղծված պայմաններին, Մատենադարանի նոր ցուցասրահների ցուցադրանյութին: Նախագահին զեկուցվել է, որ Մատենադարանի հիմնական մասնաշենքը գործելու է իբրեւ թանգարանային համալիր՝ լայն հնարավորություն ընձեռելով հայ եւ համաշխարհային պատմամշակութային արժեքների հանրահռչակման համար: Նախկին մեկ հիմնական ցուցասրահի փոխարեն՝ գործելու է 15 ցուցասրահ («Արցախի», «Վասպուրականի», «Արեւելյան մանրանկարչության», «Միջնադարյան քարտեզների», «Բժշկագիտության», «Հնատիպ գրքերի», «Արխիվային փաստաթղթերի», «Նվիրատվությունների» եւ այլն): Առաջին անգամ գործելու է «Վիրտուալ Մատենադարան» ցուցասրահը, որն զգալիորեն նպաստելու է ցուցադրվող նմուշների յուրացմանը, Մատենադարանի, հայ գրչության կենտրոնների ու գրավոր մշակույթի վերաբերյալ տեղեկության տարածմանը, տարաբնույթ կրթական ծրագրերի իրականացմանը:
Բացման կապակցությամբ կազմակերպված ցուցադրություններում ներկայացված են Մատենադարանի հավաքածուների լավագույն ձեռագրական նմուշները, առանձնապես արժեքավոր եւ հազվագյուտ արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերի բացառիկ օրինակները, որոնք արտացոլում են ոչ միայն հայոց մշակութային ժառանգությունը, այլեւ օտար ազգերի հոգեւոր, պատմական ու քաղաքական իրողությունները: Պատասխանատուների հավաստմամբ, հիմնական ցուցադրություններից բացի, կազմակերպվելու են նաեւ ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ: Ընդգծվել է, որ նորոգված հիմնական մասնաշենքի շահագործմամբ Մատենադարանն ամբողջանում է իբրեւ հայ հոգեւոր արժեքների պահպանման ու հանրահռչակման համալիր, հայագիտական կենտրոն եւ մշակութային արժեք՝ գիտական եւ թանգարանային առաջնակարգ հաստատությունների արդի չափանիշներին համապատասխան:




























