Թբիլիսիի Գլդանիի բանտում ազատազրկում կրող անձանց հարազատները համաներման պահանջով ստորագրահավաք են սկսել։ «Грузия Онлайн»-ի փոխանցմամբ՝ ներման պահանջը կներկայացվի նշված քրեակատարողական հիմնարկ։

Վրաստանի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաները չեն դադարում։ Ցույց կազմակերպած Թբիլիսիի ուսանողները հայտարարել են, որ չեն լքի ցույցը մինչեւ աշխատանքից չհեռացվի Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան։

«Համակարգը փտել է», «Սոլիդարություն ազատազրկվածների հետ», «Ավելներին պետք է կցել օգտագործման պայմանները», այսպիսի կոչերով են ուսանողները անցել դեպի Ռուսթավելու պողոտա։

Ուսանողները խնդրել են քաղաքական կուսակցության դրոշներ պարզած ցույցի մասնակիցներին իջեցնել դրանք՝ մեկնաբանելով, որ իրենց կազմակերպած ցույցը քաղաքացիական նախաձեռնություն է։

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են կազմակերպվել միաժամանակ երկու վայրում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի երեկոյան վրացական Մաեստրո» եւ «Իններորդ ալիք»  հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատժամիջոցների իրականացման նախարար  Խաթունա Կալմախելիձեն:

Նշենք, որ Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված անձանցից մեկը հայ է եղել: