Վրաստանի նոր ՆԳ նախարար է նշանակվել Եկատերինա Զգուլաձեն: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», նա այսօր հրաժարական տված Բաչո Ախալայի առաջին տեղակալն էր:

Նախարարը հրաժարական էր տվել Թբիլիսիի Գլդանիի բանտում կալանավորների խոշտանգումների հետ կապված սկանդալի պատճառով: Խոշտանգումները նկարահանվել էին եւ ցուցադրվել հանրությանը: Հրաժարականի մասին հայտարարության մեջ նախարարը նշել է կատարվածի վերաբերյալ իր պատասխանատվության մասին, թեեւ քրեակատարողական համակարգի ղեկավարը չէ:

Ողջ Վրաստանում անցկացվող ցույցերի ընթացքում դրանց մասնակիցները պահանջում էին նաեւ պատիժների կատարման հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեի հրաժարականը: Նախօրեին նա հայտարարել է  հրաժարականի մասին:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը,  Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ին հայտնել էր, որ բանտում բացահայտվել են դատապարտյալների անմարդկային խոշտանգման դեպքեր:

Թբիլիսիի Գլդանիի բանտում կալանավորների նկատմամբ խոշտանգումների ու սեռական ոտնձգությունների գործով  արդեն 10 մարդ է ձերբակալվել՝ «բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի համար»: