«Նուշիկյան» ասոցիացիայի հիմնադիր Գարեգին Նուշիկյանի կողմից հայ ցեղասպանագետներին խոստացած պարգեւատրման գործընթացը մեկնարկել է այդ մասին հայտարարելու պահից սկսած, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր,  «Նուշիկյան» ասոցիացիայի հիմնադիր Գարեգին Նուշիկյանը, պատասխանելով այն հարցին, թե երբ է սկսվելու նրա խոստացած 500 000 դրամի պարգեւատրումների պաշտոնական մեկնարկը: «Դա նախընտրական խոստում չէ», - ընդգծել է պատգամավորը:

«Դա մրցույթ չէ: Եթե գիտնականները հոդվածներ հրապարակեն հայտարարության մեջ նշված ամսագրերում, ապա իմ խոստումը կկատարվի: Ոչ մի սահմանափակում չկա, ուղղակի պետք է հոդված հրապարակվի այդ ամսագրերից որեւէ մեկում», - բացատրել է նա:

Ըստ նրա` հոդվածի հեղինակը պետք է իրեն անձամբ ներկայացնի ամսագրի համարը, որտեղ հրապարակվել է հոդվածը, եւ դրամական պարգեւի հարցը կլուծվի: Նա նաեւ բացատրել է, որ տվյալ պահին ոչ մի ժամկետ չկա, քանի որ գիտնականներից դեռեւս ոչ ոք  իրեն չի դիմել: Սակայն ապագայում այդ հարցը կարող է շտկվել:

Հիշեցնենք, որ հայ ցեղասպանագետների համար  500 000 դրամ պարգեւավճարի մասին հայտարարությունը Գարեգին Նուշիկյանն արել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա` ապրիլի 24-ի նախօրեին: Հայտարարության մեջ նշվել էր, որ պարգեւներ կստանան հայ այն գիտնականները, ովքեր հոդվածներ կհրապարակեն միջազգային հայտնի  հրատարակություններում`  Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies եւ Genocide Studies and Prevention: Նաեւ նշվել էր, որ չնայած հայերի համար հարցի ամբողջ սրությանը, հայ գիտնականներն այդ ամսագրերում ներկայացված չեն:  Իսկ հաշվի առնելով, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որոշում էր ընդունվել  ոգեւորել այդ հրատարակություններում հայ գիտնականների հրապարակումները: