21 տարվա ընթացքում Հայաստանի գլխավոր ձեռքբերումը եղել է անկախությունը եւ Ղարաբաղում տարած հաղթանակը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` գնահատելով 21 տավա անկախության ձեռքբերումները եւ բացթողումները:

Ըստ Մանուկյանի` այդ տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է հաղթել Ղարաբաղի համար պայքարում, ազատվել է գրաքննությունից, դրվել են ժողովրդավարության հիմքերը, ստեղծվել են հասարակական կազմակերպություններ, եւ Հայաստանը դարձել է իր ճակատագիրն ինքնուրույն որոշող լիիրավ երկիր: «Երկրի անկախության ձեւավորման համար անհրաժեշտ բոլոր կառույցները  հիմնվել են: Եւ այդ ձեռքբերումների հպարտությունը հանգեցրել է հաղթանակին Ղարաբաղում: Սակայն անկախության ձեւավորման համար կա ավելի լուրջ հիմք`երկրի քաղաքացիները եւ անկախության նկատմամբ նրանց վերաբերմունքը»:
Մանուկյանը կարծում է, որ երկրի անկախությունը կայացած է, երբ այդ երկրի քաղաքացին իրեն զգում է պաշտպանված, որտեղ քաղաքացիական հանրություն է ձեւավորվում, եւ մարդը բարգավաճում է իր երկրում: Սակայն, ըստ ընդդիմադիր պատգամավորի գնահատման, երկրից արտագաղթի տեմպերը հակառակն են վկայում:

«Դա նշանակում է, որ ժողովուրդը կորցրել է հավատը եւ վստահությունը: Դա շատ վտանգավոր եւ լուրջ մարտահրավեր է, որի հետեւանքները կարող են  ազդել երկրի վրա այնպես, ինչպես պատերազմի հետեւանքները: Դժբախտաբար, դա ներկայիս իշխանությունների գործունեության  հետեւանքն է: Երկրում անկախության գործընթացը կայացել է, սակայն քաղաքացներն իրենց իրավունքները ոտնահարված են համարում»,- նշել է Մանուկյանը:

Նշենք, որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության օրը: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր 1990 թվականի օգոստոսի 23-ին` Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում: Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել էր  Հայաստանի Հանրապետության: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հանրաքվե էր անցկացվել: Հանրապետության քաղաքացիների 94,99%-ը  «կողմ» էին քվեարկել:Երկու օր անց Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել էր անկախ,  ինքնուրույն պետություն: