«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը գրոհայինների կողմից օգտագործվել է ԱՄՆ-ի վրա հարձակումների համար: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: 

Ըստ նրա` այդ տեսագրության հրահրած բողոքները գրոհայիններն օգտագործել են ստուգելու համար, թե  կարող են արդյոք նրանք վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերին: «ԱՄՆ-ն պետք է շարունակի հետաքննությունը, եւ Եգիպտոսի ու Լիբիայի իշխանությունները այդ հարցում համագործակցելու պատրատակամություն են հայտնել», - ասել է Օբաման` սեպտեմբերի 20-ին ելույթ ունենալով Մայամիի համալսարանի նախընտրական միջոցառմանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ամերիկյան  ներկայացուցչությունների վրա հարձակումների հետեւում կնագնած է «Ալ Կաիդան», նախագահը նշել է, որ դեռեւս դա հայտնի չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Մի շարք արեւմտյան երկրներ, մասնավորապես Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն,  այսօր՝ սեպտեմբերի 21-ին, մեկ օրով փակում են իրենց հյուպատոսությունները մահմեդական երկրներում: Դրա պատճառն ԱՄՆ-ում ստեղծված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը եւ ֆրանսիական թերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն են:

«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո բազմաթիվ երկրներում բարձրացած բողոքի ալիքը հանգեցրել է մարդկային զոհերի: Սեպտեմբերի 11-ին Բենգազիում սպանվել էին  Լիբիայում ԱՄՆ-ի 52-ամյա դեսպան Քրիս Սթիվենսը եւ հյուպատոսության 3 աշխատակիցներ: