Վրաստանի բանտում տեղի ունեցած վայրագությունների մասին տեսագրությունների հրահրած աղմուկը հանգեցրել է ներքին գործերի նախարարի հեռացմանը. հրաժարական է տվել Բաչո Ախալայան: Նրա պաշտոնն առաջարկվել է առաջին տեղակալ Եկատերինա Զգուլաձեին: Եկատերինա Զգուլաձեն փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել է վերջին տարիներին:

Բաչո Ախալայան Վրաստանի նախագահին  հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 20-ին, այդ մասին համապատասխան հայտարարություն է հրապարակվել ՆԳՆ-ի կայքում: «Չնայած, որ վերջին տարիներին ես չեմ ղեկավարել պատիժների իրագործման համակարգը, որոշ ղեկավար անձինք, որոնք պարտավոր էին թույլ չտալ նման  փաստեր, սկսել են համակարգում աշխատել  իմ ղեկավարության ընթացքում: Դրանից ելնելով` ես բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն եմ զգում դրա համար, այդ պատճառով էլ հրաժարականի դիմում եմ ներկայացրել նախագահին», - ասվում է հայտարարության մեջ:

Եկատերինա Զգուալձեն նոր պաշտոնում արդեն իր առաջին հայտարարությամբ է հանդես եկել` տալով երկու խոստումներ. Բանտերում թույլ չտալ բռնություն եւ ապահովել 10 օր անց երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը:

Ավելի վաղ սկանդալի հետ կապված կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել  պատիժների իրագործման նախարարությունում, հրաժարական էր տվել նախարար Խաթունա Կալմախելիձեն, այդ պաշտոնն առաջարկվել էր Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին:
Մինչդեռ, ինչպես հայտնում է «Առաջին ալիքը», մարդիկ փողոցներից չեն հեռացել անգամ գիշերը: Նրանք պահանջում են  ձերբակալել Բաչո Ախալայային: Մարդիկ ավելներ են այրել, քանի որ դրանք հաճախ էին գործածվել բռնությունների ընթացոեւմ: 
Ի հայտ են գալիս բանտերում կատարված հանցագործությունների նորանոր ապացույցներ: Նման տեսագրություններից մեկում հսկիչները ոտնձգություններ են կիրառում հոգեկան հիվանդ բանտարկյալների նկատմամբ: Ցուցարարները նախագահին վերջնագիր են ներկայացրել` բանտ ուղարկել  արդեն նախկին  նախարարներին: 

Բողոքի ակցիայի մասնակիցները «թայմ աութ» են վերցրել մինչեւ կեսօր:  Նրանք կրկին կհավաքվեն  վրացական մայրաքաղաքի հրապարակում եւ մտադիր են հասնել իշխանությունների կողմից վերջնագրի կատարմանը: