Քալիֆորնիա նահանգի դատարանը մերժել է դերասանուհի Սինդա Լի Գարսիայի հայցը, որը պահանջում էր «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հեռացնել YouTube-ից: Հայցը մերժվել է չհիմնավորվածության պատճառով:
Ինչպես The Los Angeles Times-ին վկայակոչելով հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դերասանուհու փաստաբան Քրիս Արմենտան հայտարարել է որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դերասանուհիներից Սինդա Լի Գարսիան Նակուլա Բեսլի Նակուլայի դեմ հայց էր ներկայացրել խաբեբայության համար: Ըստ դերասանուհու` նկարահանումների ընթացքում Նակուլան չի հայտնել ֆիլմի բովանդակության մասին: Սինդին նկարահանման է եկել հայտարարությամբ, որը հրավիրում էր նկարահանվելու «Անապատի ռազմիկները» ֆիլմում, որի գործողություները տեղի են ունենում Եգիպտոսում՝ Վաղ միջնադարում: Արդեն նկարահանումների ավարտից հետո բոլոր երկխոսությունները վերաձայնագրվել էին` առանց նկարահանող խմբի իմացության եւ համաձայնության:
Դերասանուհին հայց էր ներկայացրել նաեւ Youtube կայքի դեմ, որը հրաժարվել էր հեռացնել ֆիլմի 14 րոպեանոց տեսագրությունը: Ինչպես հայտնել է դերասանուհու փաստաբան Քրիս Արմենթան, Youtube-ի դեմ հայցը խնդրանք է դատարանին` արգելել ֆիլմի տեղադրումը համացանցում, քանի որ դա նկարահանումներին մասնակցած դերասանների իրավունքների խախտում է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը դժգոհություն էր հարուցել իսլամական աշխարհում: Ֆիլմի պատճառով սպանվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը:





























