Շնոբելյան («Հականոբելյան») մրցանակների  հանձնումը, որը տրվում է արտասովոր գաղափարների եւ գիտական անհեթեթ ձեռքբերումների դեպքում, տեղի է ունեցել Բոսթոն քաղաքի  Հարվարդի համալսարանում:  Դափնեկիրներից մեկը ռուս ինժեներ Իգոր Պետրովն է, որը հայտնաբերել էր պայթուցիկ նյութերը փոքրիկ ալմաստների վերածելու մեթոդը:

«Տիկնայք, եթե ձեզ ալմաստներ են պետք, կհանդիպենք միջոցառումից հետո: Սակայն չմոռանաք վերցնել ձեր պայթուցիկը», - կատակել է Պետրովը, որն աշխատում է SKN ընկերությունում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Դափնեկիրների շարքում են եղել նաեւ ճապոնացի գյուտարարները: Հոլանդացիները մրցանակ են ստացել այն ուսումնասիրության համար, թե ինչու է ձախ կողմից նայելիս Էյֆելյան աշտարակը փոքր երեւում: 

Հականոբելյան մրցանակ են ստացել նաեւ ամերիկացի 4 հետազոտողներ, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

 Մրցանակներ են ստացել նաեւ բրիտանացի եւ ամերիկացի հետազոտողների խմբերը, որոնք բացատրել են, թե ինչու է քայլելիս շարժվում կանանց  գլխի վրա մազափունջը: Դափնեկիրների շարքում են եղել նաեւ Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռուսլան Կրեչետնիկովը եւ նրա ասպիրանտ Հանս Մայերը, որոնք ուսումնասիրել են  քայլելիս սուրճը թափելու գործընթացը: 

Հականոբելյան մրցանակը Ռուսաստանում անվանում են Շնոբելյան, այն հանձնվում է 1991 թվականից, ընդ որում, մրցանակները դափնեկիրներն ստանում են նոբելյան մրցանակակիրների ձեռքից: Այս տարի միջոցառմանը մասնակցել է 2007 թվականի մրցանակակիր Էրիկ Մասկինը: 

Շնոբելյան (հականոբելյան) ավանդաբար հանձնվում է այն հայտնագործությունների համար, որոնք նախ ծիծաղ են հարուցում, ապա՝ ստիպում մտածել: