Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը երաժշտության ներքո ներողություն է խնդրել քաղաքական չիրագործած խոստումների համար:
Երաժշտական ներողությամբ տեսահոլովակը տեղադրվել է փոխվարչապետի համաձայնությամբ: Այն տեւում է 2,5 րոպե, ուղեկցվում է ուրախ փոփ երաժշտությամբ, ընդ որում՝ Քլեգի ձայնը փոխվել է եւ հարմարեցվել երաժշտությանն ու ռիթմին:
Արդեն մի քանի ժամ անց տեսգրությունը հավաքել է մի քանի հազար դիտում, եւ ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլեւ նրա սահմաններից դուրս, նշում է Daily Star-ը:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Քլեգը համաձայնել է տեսագրությունը համացանցում տեղադրելուն՝ պայմանով, որ բոլոր ստացված միջոցները կուղղվեն բարեգործությանը:
Ավելի վաղ այս շաբաթ Նիք Քլեգը հրապարակայնորեն ներողություն էր խնդրել, որ «խոստումներ է տվել` վստահ չլինելով դրանց կատարմանը»: Խոսքը նախընտրական հայտարարությունների մասին էր, որ իշխանության գալու դեպքում նա թույլ չէր տա կրթության արժեքի բարձրացում, հայտնում է «Վեչերնյայա Մոսկվան»:
Քաղաքացիներին սիրաշահելու նպատակով նա ներողություն է խնդրել: Սակայն շատերը նրա ճառը թերահավատորեն են ընդունել:











