ԱՄՆ-ի լրացուցիչ զորակազմը, որն Աֆղանստան էր բերվել 2009թ., լքել է երկիրը: Զորակազմը բաղկացած էր 33 հազար հոգուց:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, Աֆղանստանում դեռ մնում են ամերիկացի 68 հազար զինծառայողներ, այսինքն` այնքան, որքան գտնվում էին նախքան ռազմական խմբավորումը ուժեղացնելու մասին Բարաք Օբամայի որոշումը:

Լրացուցիչ զորքերի դուրսբերումը կատարվել է մի քանի ամիսների ընթացքում: Ինչպես նախատեսված է, Աֆղանստանում մնացած ամերիկացի զինծառայողները այնտեղից կհեռանան 2014թ. վերջին` ՆԱՏՕ-ի մնացյալ ուժերի հետ միասին:

Միաժամանակ, ինչպես հայտնում է lenta.ru-ն, անվտանգության ապահովման հսկողությունը աֆղանցի իրավապահներին հանձնելու գործընթացը կարող է ձգձգվել` պայմանավորված ՆԱՏՕ-ի ուժերի նկատմամբ հաճախադեպ հարձակումներով:

2012թ. սկզբից Աֆղանստանում սպանվել են ՆԱՏՕ-ի գրեթե 250 զինծառայողներ, նրանց մեծամասնությունն ամերիկացիներ են եղել: