«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին եւ համայն հայությանը Հայաստանի Հանրապետության Անկախության քսանմեկերորդ տարեդարձի առթիվ:

Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Անկախությունն է պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը: Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքնաչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում, հաստատակամություն, սեփական ապագան սեփական ձեռքերով կանխորոշելու հնարավորություն:

Արդեն 21 տարի է, Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է: Շուրջ 21 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն այո՛ ասեց Անկախությանը՝ իրականացնելով անկախ պետություն ունենալու իր դարավոր երազանքը: Անկախության հանրաքվեով ՀՀ քաղաքացին ամրագրեց իր ցանկությունն ունենալու ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական, իրավական, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա հիմնված պետություն:

Անկախության հաստատումն, իհարկե, անհրաժեշտ քայլ է, սակայն նույնքան անհրաժեշտ է նաեւ այդ անկախության արժեւորումն ու այն ի նպաստ ժողովրդի ծառայեցնելը: Այսօր՝ անկախության 21-րդ տարեդարձին, պետք է արձանագրենք, որ դեռեւս շատ չլուծված խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում, որ այս 21 տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումների կողքին եղել են նաեւ կորուստներ, անուղղելի բացթողումներ եւ որոնց առկայությունը թույլ չի տալիս մեզ լիարժեքորեն արձանագրել, որ 21-ամյա անկախ Հայաստանն հենց այն պետությունն է դարձել, որի մասին երազում էր Հանրաքվեում կողմ քվեարկող ՀՀ քաղաքացին:

Թեեւ անկախության հռչակմամբ մենք ամրագրեցինք մեր ինքնիշխանությունը, սակայն այսօր վտանգի տակ է նաեւ այդ արժեք, թեեւ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պետք է լինեին այն արժեքները, որոնց վրա պետք է խարսխվեր մեր պետությունը, սակայն անցած տարիներն ապացուցեցին այդ հիմնարար սկզբունքներից իշխանությունների հեռացումը:

Մենք վստահ ենք, որ անկախության լիարժեք ամրապնդումը պայմանավորված է հենց վերը նշված արժեքների իրացմամբ:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, եւս մեկ անգամ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, համոզված է, որ ազատական գաղափարները, ժողովրդավարության զարգացումը, ՀՀ քաղաքացու անքակտելի իրավունքների իրացումը, քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումն են այն խթանները, որոնց շնորհիվ պետք է առաջ գնա եւ միջազգային ասպարեզում իր ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդի Հայաստանի Հանրապետությունը»: