ԱՄՆ-ի Գերագույն դատարանը գալիք շաբաթ որոշում կկայացնի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի կյանքի ապահովագրության գործը քննության ընդունելու հնարավորության վերաբերյալ՝ որոշում կայացնելու համար, թե արդյոք անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության զոհերի ապահովադիր գումարները ժառանգներին տրամադրելու մասին Կալիֆորնիայի նահանգային օրենքի իրագործումն արգելելու վերաբերյալ:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, դատարանը սեպտեմբերի 24-ին կայանալիք նիստի ընթացքում կվերանայի այս տարվա ամառվա ընթացքում ստացված հայցերը, որից քիչ անց հանդես կգա հրապարակային հայտարարությամբ:
Հաղորդագրությունում նշվել է, որ ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշման վերանայմանը սատարելու նպատակով ԱՄՆ-ի Գերագույն դատարանին անցյալ ամիս փորձագիտական եզրակացություն են ներկայացրել ԱՄՆ-ի դաշնային եւ նահանգային օրենսդիրները, որոնց թվում են կոնգրեսական Ջեքի Սպիերը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ավագ անդամ Հովարդ Բերմանը, կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինը, Աննա Էշուն, Ֆրենք Փալոնը, Էդ Ռոյսը, Ադամ Շիվը եւ Բրեդ Շերմանը:
Օրենսդիրների կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունն հասարակական հիմունքներով նախապատրաստվել է «Snell & Wilmer LLP» իրավաբանական ընկերության բողոքարկման գործերով գործընկեր եւ հայցում ներառված փաստաբան Մարի-Քրիստին Սունգալիայի եւ ընկերության փաստաբան Սիփան Պարսեղյանի կողմից:
Փորձագիտական եզրակացությունում հակիրճ ներկայացված են Միացյալ Նահանգներում տասնյակ տարիների ընթացքում մշակված նահանգային եւ տեղական մակարդակի օրենսդրական ակտերը, որոնք նպատակ են հետապնդում կարգավորել օտարերկրյա պետություններում՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչեւ Սուդանն ու Իրանը, ներդրումային քաղաքականությունը որոշող ուղենիշները, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում առեւտուրը զարգացնելուն ուղղված քաղաքականությունը:
«Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման օրենսդիրները չեն կարողանալու պաշտպանել իրենց համայնքների շահերը պատշաճ կերպով, եթե նրանց արգելվեն այնպիսի գործողությունները, որոնք կարող են նույնիսկ շոշափողական եղանակով ազդեցություն գործել արտաքին հարաբերությունների վրա», - նշած է եզրակացության մեջ:
«Գլոբալիզացիան գնալով է՛լ ավելի մեծ միջազգային կարեւորություն է հաղորդում քաղաքականության այն ոլորտներին, որոնք, ըստ Դատարանի որոշման, ավանդաբար եղել են նահանգների ընդդատության ներքո: ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումն անտեսում է այս իրականությունը, եւ, ինչպես նշվել է, սպառնում է նահանգային եւ տեղական օրենքների լայն շրջանակի կենսունակությանը», - նշված է ԱՄՆ-ի դաշնային եւ նահանգային օրենսդիրների կողմից ԱՄՆ-ի Գերագույն դատարանին ներկայացված փորձագիտական եզրակացության մեջ:





























