Միացյալ Նահանգները հայտարարել է, որ բավարարված չէ Ռամիլ Սաֆարովի հարցով Բաքվից եւ Բուդապեշտից ստացած պարզաբանումներով:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Վաշինգթոնը շարունակում է հայտնել իր անհանգստությունը եւ հիասթափությունը Բուդապեշտին` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ:

Գորդոնը հավելել է, որ Վաշինգթոնը անհանգստացած է նաեւ Սաֆարովին ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու` Ադրբեջանի կառավարության գործողություններից:

Ըստ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի` Միացյալ Նահանգները ցնցված է դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստից, որը Գորդոնը որակել է որպես «իրական սադրանք տարածաշրջանի համար»: