Հանրապետականները Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսի մահվան մեջ մեղադրել են ԱՄՆ-ի նախագահին եւ նրա աշխատակազմին:
Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Բիլ Ֆլորեսը հայտարարել է, որ «այժմ նրանք փորձում են չոր դուրս գալ իրավիճակից», սակայն նրանց չի հաջողվել համոզել կոնգրեսին, որ Պետդեպարտամենտը, Պենտագոնը եւ ԱՄՆ-ի հետախուզությունն արել են ամեն ինչ, որպեսզի բացառեն դեսպանի մահը: Նրան աջակցել է կուսակից սենատոր Ռոբերտ Քորքերը: Ըստ խորհրդարանականների` Սթիվենսը զոհվել է ոչ բավարար պաշտպանության պատճառով, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման ժամանակ սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը եւ եւս 3 աշխատակիցներ: Դիվանագիտական առաքելության ողջ մնացած աշխատակիցները տարհանվել էին Տրիպոլիի գաղտնի ապաստարան:
Բենգազիի հյուպատոսությունից ահաբեկիչներն առեւանգել էին գաղտնի փաստաթղթեր, որոնք բացահայտում են ոչ միայն այդ թաքստոցի գտնվելու վայրը, այլեւ ամերիկացիների բնակարանների հասցեները: Այժմ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ստիպված են ամբողջովին փոխել Լիբիայում իրենց աշխատակիցների տեղակայման համակարգը: Բացի դրանից, կորել են նաեւ ամերիկացիների հետ համագործակցող լիբիացիների ցուցակները, եւ այդ մարդկանց կարող է վտանգ սպառնալ: Չեն գտնվել նաեւ Լիբիայի նոր իշխանությունների եւ ԱՄՆ-ի միջեւ նավթային պայմանագրերի փաստաթղթերը:





























