Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Կանադայում «Փոխվող աշխարհում փոխվող Թուրքիա» անունը կրող կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե իր երազանքն է, որ աշխարհի ցանկացած վայրում հայերը եւ թուրքերը կրկին բարեկամներ լինեն:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ Ցեղասպանության խնդրին, ասել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար արձանագրություններ է ստորագրել պատրաստակամություն հայտնել քննարկել պատմական բոլոր իրադարձությունները:
«Ես պատմությունը չեմ դատում, բայց ասում եմ, որ պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել: Սակայն դա չի կարող նշանակել, որ 3-րդ երկրների խորհրդարանականը կարող է հարցնել, թե ինչեր է եղել քո երկրում 100 տարի առաջ:
Հուսով եմ, որ մի օր հայ-թուրքական հարաբերությունները մի հրաշալի կետի կհասնեն: Դա իմ երազանքն է: Աշխարհի ցանկացած վայրում հայերը եւ թուրքերը կրկին բարեկամներ են լինելու»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն:
Իր ելույթի ժամանակ Դավութօղլուն զարմանալիորեն մոռացել է ներկաներին հիշեցնել, որ իր կողմից բարձրաձայնած հայ-թուրքական արձանագրությունները դեռեւս ուժի մեջ չեն Թուրքիայի մեղքով:





























