ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, քաղաքական դրական մթնոլորտը: Նա հատկապես առանձնացրեց եւ հաջողված համարեց դատական համակարգում եւ ոստիկանությունում իրականացված բարեփոխումները: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը շեշտեց, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտահայտելով իր տեսակետը` պարոն Մինյոնը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը եւ սպառել է իրեն: ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք էր նաեւ հանդիպմանը ներկա ԵԽԽՎ «Եվրոպական դեմոկրատներ» խմբի ղեկավար Բոբ Վալտերը: Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Ըստ պարոն Մինյոնի` Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար: Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց, որ իրադրությունը շարունակում է զարգանալ վտանգավոր ուղղությամբ եւ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է կատարվածը, Ադրբեջանում նոր թափ է առել այդ մարդասպանի մեծարման եւ արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսեւորումները կարող են վարակիչ լինել: Ըստ ԱԺ նախագահի` դա ոչ միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձեւով նախատեսված ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ: «Դուք ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, եւ որ ժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ կդառնար նաեւ փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան:
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ելույթով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Օրվա ընթացքում նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:





























