ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահի եւ ամերիկյան ժողովրդի անունից Հայաստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով մեծ հաջողություններ: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում:
Պետքարտուղար Քլինթոնի հաղորդագրությունում ասված է. «Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ուրախ եմ Հայաստանի ժողովրդին հղել լավագույն մաղթանքներն այն պահին, երբ սեպտեմբերի 21-ին նշում եք անկախության օրը:
Սա հատուկ առիթ է, որպեսզի ըստ արժանվույնս գնահատվեն հայերի եւ հայկական ծագում ունեցողների ձեռքբերումները: ԱՄՆ-ում ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակության կառույցը` էլ ավելի ամրապնդելով մեր երկու երկրների միջեւ բարեկամական կապերը: Ես հնարավորություն ունեցա եւս մեկ անգամ վայելելու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին այցելեցի Երեւան: Ինչպես ասել եմ այն ժամանակ, Ամերիկան հակված է օգնելու Հայաստանին իր ժողովրդավարական կառույցներն ամրապնդելու, տնտեսական բարեփոխումները խորացնելու եւ ապագա խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու հարցում:
Այն ժամանակ, երբ դուք տոնում եք անկախության 21-ամյակը, իմացեք, որ ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին որպես գործընկեր եւ բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին կարեւոր տոնի առթիվ եւ ցանկանում եմ ձեզ մեծ հաջողություններ գալիք տարում»:
Նշենք, որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին տոնում է Անկախության օրը: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր 1990 թվականի օգոստոսի 23-ին` Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում: Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել էր Հայաստանի Հանրապետության: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հանրաքվե էր անցկացվել: Հանրապետության քաղաքացիների 94,99%-ը «կողմ» էին քվեարկել:Երկու օր անց Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել էր անկախ, ինքնուրույն պետություն:





























