Հայաստանի Անկախության օրվա առթիվ շարունակվում են տարբեր երկրներից ստացվել շնորհավորանքներ` հանրապետությանն ու ժողովրդին ուղղված լավագույն մաղթանքներով:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Այդ մասին «ԲԵԼՏԱ»-ի թղթակցին հայտնել են բելառուսական առաջնորդի մամուլի ծառայությունից:
«Բելառուսը բարձր է գնահատում Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ ռազմավարական համագործակցության վրա,– ասված է շնորհավորանքում: – Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմակողմ համագործակցությունը, որը համապատասխանում է մեր քաղաքացիների շահերին, հետագայում էլ կզարգանա եւ կամրապնդվի»:
Ինչպես հայտնում է «Oman Observer»-ը, Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդ Ալբուսաիդը շնորհավորական հեռագիր է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ազգային տոնի առթիվ: Նորին մեծությունն իր հեռագրում շնորհավորել եւ անկեղծ մաղթանքներ հղել նախագահին եւ Հայաստանի բարեկամ ժողովրդին:
Ինչպես հաղորդում է KUNA գործակալությունը, Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը շնորհավորական հեռագիր է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ` ցանկանալով բարգավաճում եւ բարօրություն: Շնորհավորական հեռագրեր են ուղարկել նաեւ Քուվեյթի արքայազն շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը եւ վարչապետ շեյխ Ջաբել ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը:




























