Շուկայում iPhone 5 նոր մոդելի թողարկման հայտարարությունից հետո բջջային կապի օպերատորները հին տարբերակը գրեթե անվճար են առաջարկում: AT&T բջջային կապի օպերատորը սպառողներին iPhone 4-ն առաջարկում է ընդամենը 99 ցենտով: 

ԱՄՆ-ում շուկայի սպասված նորույթ iPhone 5-ը վաճառքի կհանվի սեպտեմբերի 21-ին եւ կարժենա 199-399 դոլար` կախված հիշողության ծավալից` օպերատորի հետ երկամյա պայմանագիր կնքելու պայմանով: Իսկ առանց օպերատորի հետ պայմանագրի, դրանք կվաճառվեն 649-849 դոլարով, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Apple-ի խանութների շուրջն իրարանցում է. երկրպագուները մի քանի օր է հերթ են կազմել  եւ սպասում են դռների  հանդիսավոր բացմանը: Գնորդները կարող են սմարթֆոնները ձեռք բերել նաեւ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում,  Գերմանիայում, Հոնկոնգում, Կանադայում, Սինգապուրում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում:

Ընկերությունը հայտնել է, որ նախնական վաճառքի միայն առաջին օրվա ընթացքում  ընկերությունն ստացել է սարքերի ռեկորդային` 2 միլիոն հատ նախնական պատվեր: