Պակիստանի իշխանությունները սպասվող բողոքի ցույցերի պատճառով սեպտեմբերի 21-ին արգելափակել են երկրի խոշորագույն 15 քաղաքների բջջային կապը:

Բջջային կապն անջատված է Իսլամաբադում, Կարաչիում, Լահորում, Մուլթանում, Փեշավարում եւ այլ քաղաքներում: Նման որոշում կայացվել է «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի հարուցած բողոքի ալիքի հետ կապված, հայտնում է «Ռոսբալտը»;

Հիշեցնենք, որ Պակիստանում այսօր նշելու են պետական նոր տոն` Մուհամեդ մարգարեի հիշատակի եւ սիրո օրը: Միեւնույն ժամանակ տեղի կունենան զանգվածային հակաարեւմտյան ելույթներ, եւ դրանք հազիվ թե խաղաղ լինեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի  20-ին Իսլամաբադում  ցուցարարաների խմբերը փորձել էին ներխուժել  «կարմիր գոտի»` շրջան, որտեղ տեղակայված են նախագահի, վարչապետի նստավայրերը, խորհրդարանը եւ մի շարք  հիմնական նախարարություններ: 

Ցուցարարները նաեւ փորձել են ներխուժել դիվանագիտական անկլավ: Դիվանագիտական ներկայացուցչության  ապահով պաշտպանության համար բոլոր մատույցները շրջափակել են մետաղական պատվարներով: Սակայն բողոքողները ոստիկանների վրա հարձակվել են քարերով: Ցուցարարների հետ բախումներում մի քանի իրավապահներ վիրավորվել են: