Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը բոլորին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:
«Այսօր Հայաստանի անկախության օրն է: Շնորհավորում եմ 21-րդ տարեդարձի առթիվ: Դե ի ՞նչ, երեկոյան հրավառությո՞ւն է լինելու»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահի եւ ամերիկյան ժողովրդի անունից նույնպես շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: «Այն ժամանակ, երբ դուք տոնում եք անկախության 21-ամյակը, իմացեք, որ ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին որպես գործընկեր եւ բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին կարեւոր տոնի առթիվ եւ ցանկանում եմ ձեզ մեծ հաջողություններ գալիք տարում»:
Նշենք, որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին տոնում է Անկախության օրը: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր 1990 թվականի օգոստոսի 23-ին` Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում: Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել էր Հայաստանի Հանրապետության: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հանրաքվե էր անցկացվել: Հանրապետության քաղաքացիների 94,99%-ը «կողմ» էին քվեարկել: Երկու օր անց Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել էր անկախ, ինքնիշխան պետություն:




























