Դրախտային Խորհրդային Հայաստանը «անկախության» տարիներին վերածվել է ամոթի եւ չքավորության օրրանի: Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսպես է պատասխանել NEWS.am-ի թղթակցի` Անկախության տարիների վերաբերյալ տպավորությունները հայտնելու խնդրանքին:
«Ոչ մի բնագավառ որեւէ առաջընթաց չի գրանցել, ընդհակառակը: Կորցրել ենք ավելին, քան ձեռք ենք բերել: Արդյունաբերությունը քայքայված է, շինարարությունը` նույնպես: Արտագաղթ, գործազրկություն… Ո՞վ մտածեց խորհրդային տարիներին խնայողությունները կորցրած 500 հազար թոշակառուների մասին: Նրանք դա տնտեսել էին սեւ օրվա համար, իսկ այժմ թոշակառուն չի կարող նույնիսկ արժանապատիվ կենցաղն ապահովել, ուր մնաց թե խնայողություններ անի», - ասել է Թովմասյանը:
Ըստ նրա` այժմ երկրի ղեկավարությունը խոսում է սոցիալական փաթեթի մասին, որը խորհրդային ժամանակների սոցիալական ծրագրերին անգամ մոտ էլ չի: Խոսում են կուտակային կենսաթոշակային ֆոնդի մասին: Ո՞վ դրան կհավատա, հիշելով, թե ինչպես են այրվել խորհրդային գանձարանները: «Գիտություն… մենք հասել էինք տիեզերք, իսկ այժմ կորցրել ենք ամեն ինչ: Խորհրդային Հայաստանում 13 պետբուհերում անվճար սովորում էին 60 հազար ուսանողներ: 10 հազար մարդուց 190-ն ուսանող էին, դա այն դեպքում, երբ Բրիտանիայում 95 էր, Գերմանիայում` 96, Ճապոնիայում` 149, Ֆրանսիայում` 165: Ուսանողների մեծ մասը կրթաթոշակ էր ստանում, աշխատանքով ապահովվում: Երկաթուղին ամեն օր բեռնաթափում էր 4 հազար վագոն ապրանք: Իսկ այժմ արժեզրկում է եւ բարձիթողի վիճակ», - ընդգծել է Կոմկուսի ղեկավարը:
Ըստ Ռուբեն Թովմասյանի` անկախության ձեռքբերումներն ամենից լավ գնահատել է բանաստեղծ Համո Սահյանը, որն սկզբում Հայաստանն ավերած առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր: «Թակել հարեւանի տան դուռը, խնդրել սերմնացան սովը մարելու համար: Ավելի լավ է կախվել այդ անկախության պարանով: Ավարայրի դրախտը մենք վերածել ենք խարանի, որն անփառունակ տվել ենք ամբոխի ապականմանը»:




























