Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է արգելել երկրի հարավում անցկացվող ցլամարտերը: Ցլամարտերի դադարեցման պահանջով դատարան էին դիմել կենդանիների պաշտպանները` վկայակոչելով ֆրանսիական օրենքները, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունքի համար:
Կենդանիների պաշտպանության ֆրանսիական խմբերը զվարճանքի դեմ հանդես են եկել այն բանից հետո, երբ իսպանական Կատալոնիան 2012 –ի սկզբից արգելել է ցլամարտերը, հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիայի այլ շրջաններում արգելված ցլամարտը շարունակում է պահպանվել երկրի հարավում, որտեղ այն համարում են մշակութային ավանդական երեւույթ եւ զբոսաշրջիկներին գրավելու միջոց: AP-ի տվյալներով, ամեն տարի մարտերի արդյունքում սպանվում է ավելի քան 1000 ցուլ:
Ավելի վաղ` սեպտեմբերին ցլամարտի պահպանման օգտին է հանդես եկել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Մանուել Վալսը, ով հայտարարել է, որ այն ավանդույթ է եւ պետք է պահպանել:
Մինչդեռ կենդանիների պաշտպանները հայտնել են, որ նպատակ ունեն այս հարցով դիմել մարդու իրավունքների Եվրոպական դատարան:




























