ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` սեպտեմբերի 20-ի դրությամբ մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահին ներկայացրած դիմումը հետ չի վերցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընթերցվել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը: ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի համաձայն հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Հակառակ դեպքում նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են:
Այդուհանդերձ, ԱԺ կանոնակարգի հոդված 35-ի 5-րդ կետում ասվում է. «Օրենքով ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի»: Ինչը, ենթադրում է, որ Ռուբեն Հայրապետյանը դեռ կարող է հետ վերցնել իր դիմումը:
Հայրապետյանը մանդատից հրաժարվել էր «Հարսնաքարում» իր թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահից հետո:
Նշենք, որ «Հայկական Ժամանակ» թերթը գրել էր, թե Ռուբեն Հայրապետյանը ետ չի վերցնի իր դիմումը: «Կարող ենք համարել, որ Ռուբեն Հայրապետյանը երեկ մի փոքրիկ նվեր մատուցեց հայ հանրությանը` Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ: Սպասենք այլոց փոքրիկ նվերներին` տարբեր տոների առթիվ»,- գրել էր «Հայկական ժամանակը»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























