Եվրոպայի խորհուրդն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ-ի ղեկավար Ժան Կլոդ Մինյոնի բացասական գնահատականը Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ:
«Պարոն Մինյոնը շատ առողջ եզրահանգում է կատարել: Ես միաշանակ համաձայն եմ: Ավելին, այդ ենթահանձնաժողովը 2005թ. ստեղծման պահից ի վեր ոչ միայն չի արդարացրել իրեն, այլեւ, իմ խորին համոզմամբ, Ադրբեջանի կողմից փորրձերի շարունակման դեպքում կարող էր ապակառուցողական ազդեցություն թողնել բանակցային գործընթացի վրա: Եվրոպայի խորհուրդն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան հակամարտությունը», - ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով` հարցի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափից այլ հարթակ` ՄԱԿ, ԵԽ տեղափոխելու Ադրբեջանի բոլոր փորձերը պետք է լուրջ դիմադրության հանդիպեն. «Հուսով եմ, որ սա պարոն Մինյոնի վերջնական գնահատականն էր, եւ հոկտեմբերի 1-ին, երբ սկսվի ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը, ադրբեջանական պատվիրակությունը չի փորձի ազդել ԵԽԽՎ-ի վրա», - նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը ԵԽԽՎ-ի ղեկավարը կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն իրեն չի արդարացնում:





























