Ինչպես պաշտոնական Երեւանը, այնպես էլ Ստեփանակերտը քանիցս խոսել են ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի անարդյունավետության մասին: Այդ մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ-ի ղեկավար Ժան Կլոդ Մինյոնի բացասական գնահատականը Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ:
Նրա խոսքով` ենթահանձնաժողովի աշխատանքում զգացվում է Թուրքիայի բացասական ազդեցությունը, միակողմանի մոտեցումը, հայկական կողմը վատ լույսի ներքո ներկայացնելու փորձերը: Ընդհանուր առմամբ, ենթահանձնաժողովի աշխատանքը կաթվածահար էր արվել», - ընդգծել է Դավիթ Բաբայանը: Ինչպես նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը, այդ բոլորը քանիցս մատնանշել են ոչ միայն հայկական կողմերը, այլեւ այլ երկրների ներկայացուցիչները:
«Դա կողմերից մեկի դեմ սեւ PR-ի տարրական քաղաքականություն է, այդ պատճառով ենթահանձնաժողովի գործունեությունը չէր կարող արդյունավետ լինել», - նշել է Բաբայանը: Նրա խոսքով`եթե ենթահանձնաժողովը չհանվի, դրա գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ կլինի ներգրավել ղարաբաղյան կողմին: «Միայն դրանից հետո կարող ենք խոսել արդյունավետության մասին», - նշել է Դավիթ Բաբայանը:
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը ԵԽԽՎ-ի ղեկավարը կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն իրեն չի արդարացնում:




























