Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շոթա Խիզանիշվիլին հերքել է այն տեղեկատվությունն, ըստ որի  Բաչո Ախալայան լքել է երկիրը, ինչպես նաեւ, որ պատրաստվում են ձերբակալել նրան:

Վրացական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Խիզանիշվիլիին, հայտնում են, որ  Բաչո Ախալայան Վրաստանում է, եւ որ նա ոչ մի հանցանք էլ չի գործել, որպեսզի ձերբակալվի: 

Մինչդեռ Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները:

Հաղորդվում է, որ բանտի շուրջ հավաքված մարդիկ, որոնց մեծամասնությունը բանտարկյալների հարազատներն են, բողոքում են  բանտի բակից  պատիժների իրագործման դեպարտամենտի մեքենաների դուրսբերման դեմ: Նրանք կասկածում են, որ այդ մեքենաները կարող էին բանտարկյալներ տեղափոխել այլ հաստատություններ: Նման մի դեպքից հետո բանտի աշխատակիցները լրագրողների համար բացել են մեքենան, որտեղ բանտարկյալներ չեն եղել:

Ինչպես «Նովոստի-Գռուզիային» վկայակոչելով` ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թբիլիսիի կենտրոնում` Ախալայայի   տան մոտ, սկսվել էին  նրան ձերբակալելուգործողությունները: Մի քանի ժամ առաջ երիտասարդական  «Իվերիելի» շարժումը հայտարարել էր, որ Ախալայան լքել է Վրաստանը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Վրաստանում աղմուկ էր բարձրացել Թբիլիսիի Գլդանի բանտում բանտարկյալների նկատմամբ բռնության եւ կտտանքների տեսագրության տարածումից հետո: Հրաժարական էին տվել ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան եւ պատիժների իրագործման նախարար Խաթունա Կալմախելիձեն: Նախօրեին ուսանողները իշխանություններին վերջնագիր էին ներկայացրել` պահանջելով 24 ժամվա ընթացքում ձերբակալել Բաչո Ախալայային:

Սեպտեմբերի 21-ին հայտնել էին, որ Վրաստանում Ախալայային բռնելու գործողություններ են ընթանում: Հաղորդվել էր, որ, հնարավոր է, նա լքել է երկիրը: