Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի նախագահին եւ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Ուղերձում մասնավորապես ասված է.«Ձերդ Գերազանացություն,
մեծագույն սիրով հղում եմ Ձեզ, ՀՀ կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ջերմագին շնորհավորանքներս` ազգային տոնի առթիվ: Սա նաեւ առիթ է փառաբանելու Ձեր երկրի հպարտ մշակույթն ու պատմությունը:
Տոնը հնարավորություն է ընձեռում խորհելու մեր փոխկապակցված աշխարհում Հայաստանին վերապահված դերի մասին: Ես բարձր եմ գնահատում ՄԱԿ-ում ձեր ներգրավվածությունը, որն օգնում է կայացնել միասնական որոշումներ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար:
Մեր երազած ապագային հասնելու համար մեր ընդհանուր օրակարգում ընդգրկված է 5 համապարփակ խնդիր՝ աջակցել կայուն զարգացմանը, կառուցել ապահով եւ անվտանգ աշխարհ, կանխարգելել ճգնաժամերը, տրամադրել օգնություն անցումային փուլում գտնվող երկրներին եւ անել ավելին աշխարհի կանանց եւ երիտասարդների համար: Ես գիտակցում եմ, որ այս մարտահրավերները հաղթահարելու համար մենք պետք է հզորացնենք մեր կազմակերպությունը: Ավելի ճկուն, արդյունավետ եւ կարող Միավորված ազգերի կազմակերպությունը կարեւոր է բոլոր ժողովուրդների համար: Մարդկության համար ավելի արդար, խաղաղ եւ ծաղկուն ապագայի որոնումների ճանապարհին, ես բարձր եմ գնահատում ՀՀ ղեկավարության առաջնորդությունը, աջակցությունը եւ հանձնառությունը:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:





























