Թուրքիայում 365 մեղադրյալներով, որոնցից 250-ը գտնվում են կալանքի տակ,  «Մեծ մուրճ» հեղաշրջման փորձի գործով 21 ամիս տեւած դատական գործընթացի ավարտին՝ սեպտեմբերի 21-ի երեկոյան դատարանը հրապարակել է դատավճիռները, որոնք մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 10-րդ դատարանի որոշմամբ՝ «Մեծ մուրճ» հեղաշրջման փորձի գործով ամենածանր պատժաչափը՝ 20 տարի ստացել են  գործով անցնող գլխավոր ամբաստանյալներ, Թուրքիայի ԶՈՒ 1-ին ցամաքային ուժերի նախկին հրամատար Չեթին Դողանը, Օդուժերի նախկին հրամանատար Իբրահիմ Ֆըրթընան եւ Ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը:

78 ամբաստանյալ դատապարտվել են 18 տարի,  214 ամբաստանյալ` 16 տարի, 28 ամբաստանյալ՝ 13 տարի 4 ամիս ազատազրկման:

Դատարանը 3 ամբաստանյալի գործ առանձնացրել է եւ դատին բացակայող 69 ամբաստանյալի նկատմամբ ձերբակալման որոշում կայացրել:

Դատարանի կողմից կայացրած նման որոշումը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական հասարակության մեջ: Դատարանի որոշման դեմ արդեն խիստ քննադատական հայտարարություններով են հանդես եկել ընդդիմադիր կուսակցապետեր, քաղաքական գործիչներ, իրավաբաններ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե դատարանում դատավոր կար, դատախազ կար, սակայն արդարություն չկար:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե մեկնաբանություն դեռ չի կարող անել, քանի որ դեռ չի տեսել դատավճիռը հիմնավորող տեքստը՝ շեշտելով, որ դեռ գործընթացը շարունակվելու է վճռաբեկում:

Նշենք,  որ Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր  չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։

Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։

Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել: