Լիբիական Բենգազի քաղաքում բողոքի ալիք է բարձրացել ծայրահեղական «Անսար աշ Շարիա» խմբավորման դեմ: Սեպտեմբերի 21-ի երեկոյան հարյուրավոր բողոքողներ զավթել են խմբավորման կայանը: Վիրավորվել է մի քանի մարդ: Գրոհայինները իրենց հետ տարել են ամբողջ զենքը, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Լիբիական Բենգազի քաղաքում սեպտեմբերի 21-ին 10 հազար բնակիչ ցույցի են ելել` պահանջելով իշխանություններից մաքրել քաղաքը զինված խմբավորումներից: Ըստ ցուցարարների` հենց նրանք են մեղավոր ամերիկյան դեսպանի սպանության մեջ:
Սկզբում ցույցը խաղաղ է անցել, սակայն հետո ամբոխը շարժվել է Բենգազիում գտնվող «Անսար աշ Շարիա» խմբավորման լիբիական գրասենյակի ուղղությամբ: Երբ ցուցարարները փորձել են ներս մտնել, իսլամիստները կրակ են բացել:
«Անսար աշ Շարիան» իսլամիստների միավորում է, որոնք Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ ապստամբության ժամանակ ընդդիմադիրների կողմում են եղել, իսկ ներկայումս ենթարկվում են Լիբիայի պաշտպանության նախարարությանը, հայտնում է «Ռոսբալտը»:
Բենգազիում սեպտեմբերի 11-ին զինված հարձակման հեռեւանքով սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Քրիսթոֆեր Սթիվենսը եւ 3 աշխատակից: Եւս 8 ամերիկացիներ էլ վիրավորվել էին:





























