ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ԱՊԼ-ի ղեկավար Նաբիլ Ալ Արաբին սեպտեմբերի 21-ին քննարկել են Սիրիայի հակամարտությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ-ի 67-րդ նստաշրջանի շրջանակում: 

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», սեպտեմբերի 1-ից իր գործունեությունն է սկսել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց, ալժիրցի նախկին դիվանագետ Լահդար Բրահիմին, որի միջամտությամբ 1989 թվականին   Լիբանանում 15-ամյա քաղաքացիական պատերազմին վերջ տրվող  համաձայնագիր էր ստորագրվել: Բրահամին օրերս պետք է ՄԱԿ-ին տեղեկացնի Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության հետ իր կապերի մասին եւ, հնարավոր է,  կարգավորման նոր նախագիծ առաջարկի:  

Դամասկոսում կբացվի ՄԱԿ-ի համակարգող բյուրո` քաղաքական երկխոսությունն սկսելու նպատակով: Նախկին բոլոր նմանատիպ փորձերը հաջողությամբ չեն պսակվել, իսկ  300 մարդուց  բաղկացած միջազգային ռազմական դիտորդների նախկին առաքելությունն արդեն դուրս է բերվել Սիրիայից:

Պան Գի Մունը եւ Ալ Արաբին նաեւ քննարկել են արաբական երկրներում Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմի հետեւանքով վերջերս բռնկված դժգոհության ալիքը: Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության` դա եղել է «անպատասխանատու եւ սադրիչ տեսագրություն», համաշխարհային կազմակերպությունների եւ ԱՊԼ-ի ղեկավարները դատապարտել են այն, ինչպես նաեւ դրա հետեւանքով  ծագած բողոքները: