Ռուսական փանք Pussy Riot խումբը պարգեւատրվել է «Լենոն-Օնո» խաղաղության մրցանակով, որը հիմնադրել է Յոկո Օնոն` Beatles-ի անդամ Ջոն Լենոնի այրին` Amnesty International-ի հետ համատեղ: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում:
Մրցանակի չափը 50 հազար դոլար է, այն կիսվում է դափնեկիրների միջեւ: 2012 թվականին նրանցից մեկը դարձել է ռուսական փանք Pussy Riot խումբը, որի 3 մասնակիցները դատապարտվել են 2 տարվա ազատազրկման` Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում փանք աղոթքի համար:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոն, այլ մրցանակակիրների շարքում է ամերիկյան ակտիվիստուհի Ռեյչել Քորին, որը զոհվել էր 2003 թվականին Հորդանանի արեւմտյան ափին պատահարի հետեւանքով, եւ վերջերս վախճանված հայտնի գրականագետ եւ հրապարակագիր Քրիստոֆեր Հիթչենսը:





























