Էկվադորն առաջարկում է Wikileaks աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիա հարցաքննության հասցնել իր պաշտպանության ներքո: Ասանժին ապաստան տրամադրած երկիրն առաջարկում է նաեւ շվեդական մայրաքաղաքում Էկվադորի դեսպանատանը քննչական միջոցառումներ անցկացնել: Այդ մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն:
Նա նշել է, որ այժմ Շվեդիայում ապացույցներ են հայտնվել, որոնք հերքում են ավստրալացու մեղքը: Հիշեցնենք, որ Շվեդիայում Ասանժին մեղադրում են սեռական բնույթի հանցագործության մեջ:
Այժմ Լոնդոնը պետք է որոշի նրա` երկրից բացակայելու թույլտվության հարցը: Նախարարն ավելացրել է, որ շվեդացի քննիչները հարցաքննությունը կարող են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն անցկացնել: Իրադրությունը կքննարկեն Մեծ Բրիտանիայի եւ Էկվադորի ԱԳՆ-ների ղեկավարները, հայտնում է rbc-ն:
Հիշեցնենք, որ Էկվադորը օգոստոսի 15-ին քաղաքական ապաստան էր տրամադրել Ջ. Ասանժին, սակայն բրիտանական իշխանություները թույլ չեն տվել նրան դուրս հանել Լոնդոնից: Ավելի վաղ բրիտանական դատարանը Լոնդոնից Շվեդիա Ասանժի արտահանձնման վճիռ էր կայացրել, որտեղ նրան սեռական հանցագործության մեջ են մեղադրում: Սակայն լրագրողի պաշտպանությունը պնդում է, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն եւ կապված են ամերիկյան դիվանագետների նամակագրության հրապարակման հետ:





























