Վենեսուելայում նախագահական ընտրությունների նախաշեմին միլիոնավոր օրինակներով լույս կտեսնի Ուգո Չավեսի հիշողությունները, ով  նախագահի պաշտոնը  գրեթե 14 տարի ղեկավարելուց հետո հերթական անգամ առաջադրվում է երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: «Քաղցրավենիք վաճառողի պատմությունները» գրքի հեղինակը կուբացի լրագրողներ  Օրլանդո Օրամասն ու Խորխե Լեգանյոան են:

Վենեսուելայի մշակույթի նախարարությունը կտարածի գրքի  1 միլիոն օրինակը տարբեր ձեւաչափերով` այդ թվում տաբլոիդային: Բացի այդ, իսպանալեզուները կարող են այն ներբեռնել  www.cuentosdelaranero.org.ve. կայքից:

200 էջանոց հավաքածուն կազմված է 175 պատմություններից, որոնք Չավեսը պատմել է 13 տարիների ընթացքում ` «Ալլո, նախագահ» հեռուստահաղորդման ժամանակ: Այս ժամանակահատվածում Չավեսը ունեցել  է 378 կիրակնօրյա հեռուստահանդիպումներ, որոնց ընթացքում նա ժամերով քննարկել է  արդիական թեմաներ, հեռախոսազանգեր է ընդունել Վենեսուելայի տարբեր անկյուններից, երկար մենախոսություններ  է ունեցել, նոր աֆորիզմներով եւ նեոլոգիզմներով է հանդես եկել, ինչպես նաեւ նոր կարգախոսներ է մեջբերել: Հաղորդման գոյության ընթացքում Չավեսը եթեր է հեռարձակվել Վենեսուելայի 259 բնակավայրերում եւ բազմաթիվ անգամներ այն վարել է արտասահմանյան ճանապարհորդությունների ժամանակ` հեռարձակվելով արբանյակային կապի միջոցով:

Հաշվարկվել է, որ Բոլիվարյանական հեղափոխության առաջնորդը իր սիրելի հեռուստաշոուի եթերում եղել է 1656 ժամ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գրքի անվանումը` «Քաղցրավենիք վաճառողի պատմությունները» կապված է Չավեսի մանկության հետ, երբ նա  ապրել է իր տատիկի հետ, ով հռչակվել էր արեւադարձային պապայայից քաղցրավենիքների պատրաստման իր վարպետությամբ: Այդ քաղցրավենիքների վաճառքով է մանկության ժամանակ զբավել բոկոտն Ուգոն: