Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  երկկողմ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան անձանց հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի  հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը:

Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` Էէրո Հեյնյալուոման Սաֆարովի  փոխանցումը եւ ազատ արձակումը գնահատեց որպես անթույլատրելի եւ աննախադեպ երեւույթ: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ այդ փաստը վտանգավոր նախադեպ է ստեղծում  Եվրոպայում եւ Հունգարիայի իշխանությունների այդ  քայլը` որպես ԵՄ անդամ երկրի անընդունելի է ու անհասկանալի, իսկ  ԵԽ անդամ Ադրբեջանի  արարքը միջազգային նորմերի եւ եվրոպական իրավունքի խախտում էր` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության մեծացմանը:

ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի  հաջորդ  հանդիպումը  Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա  Պրամմերի  հետ էր: Ողջունելով տիկին Պրամմերին` պարոն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ  այս տարի լրանում է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ձեւաչափերով:  «Հայ - ավստրիական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում»,- նշեց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական փոխգործակցության  ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաեւ բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձեւաչափով:

Ավստրիայի խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը ու այս համատեքստում անհրաժեշտ համարեց ակտիվացնել շփումները երկու օրենսդիր մարմինների միջեւ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Տիկին Պրամմերը շեշտեց, որ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին: