Թբիլիսիի կենտրոնում սեպտեմբերի 21-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ովքեր պահանջում էին ձերբակալել ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայային:
Ձերբակալվել են չորս հոգի, որոնք, ըստ ոստիկանության, փորձել են Արդարադատության տան մոտ մեքենաները քշել ոստիկանների վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այդ պահին Արդարադատության տանը ելույթ է ունեցել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Թբիլիսիում արդեն երեք օր շարունակվող բողոքի ակցիաներին մասնակցում են հիմնականում ուսանողները:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ին հայտնել էր, որ բանտում բացահայտվել են դատապարտյալների անմարդկային խոշտանգման դեպքեր: Վրաստանի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ էին սկսվել: Հրաժարական էր տվել ՆԳՆ Բաչո Ախալայան:





























