Հոլանդական ոչ մեծ քաղաքում խնջույքը վերածվել է զանգվածային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների: Բանն այն է, որ խնջույքը խիստ զանգվածային է եղել: Հրավերները Facebook-ով ուղարկած աղջիկ մոռացել է նշել, որ  դա մասնավոր միջոցառում է, եւ որ սպասվում է միայն մտերիմ ընկերների ներկայությունը:

18 հազար բնակչությամբ Հարեն քաղաքի բնակչուհին իր 16-ամյակի առթիվ հրավերներ է ուղակել: Սեպտեմբերի 21-ի երեկոյան տարեդարձին մասնակցելու համար 4 հազար մարդ է հավաքվել:

Հոլանդական ANP գործակալության տվյալներով` երբ վեճի վերածված խնջույքի վայր են ժամանել ոստիկանները, երիտասարդները սկսել են նրանց վրա քարեր, շշեր, ծաղկամաններ եւ անգամ հեծանիվներ շպրտել:

Բախումների արդյունքում մի քանի մարդ վնասվածքներ են ստացել, որոնցից երկուսը` լուրջ: Բացի այդ, անկարգությունների չորս մասնակիցներ ձերբակալվել են:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», նախկինում եւս մի քանի հազար հոգանոց խնջույքները զանգվածային անկարգությունների էին վերածվել Գերմանիայում, Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում: