Հարի Փոթերի հեղինակ Ջոան Ռոուլինգը վաճառում է Էդինբուրգի տունը, որտեղ գրվել են ողջ աշխարհի երեխաների սիրելի հերոսի` երիտասարդ հրաշագործի մասին 7 գրքերից 4-ը:
Տունը, որտեղ իր ամուսնու եւ երեք երեխաների հետ բնակվել է Ռոուլինգը, բաղկացած է 8 ննջասենյակից, նկարչության սենյակից, փայտե ձեղնահարկից եւ գրադարանից: Շինությունը հսկողության բարդ համակարգ ունի, իսկ հյուրսենյակի գաղտնի մուտքը տանում է դեպի ծառաների սենյակ, հաղորդում է ՆՏՎ-ն:
Տան շուրջը մանկական խաղահրապարակով եւ լճակով այգի է սփռված:
Ինչպես հաղորդում է Telegraph-ը, Ռոուլինգը տունը մաս-մաս է գնել: Փոթերի մասին առաջին գրքի հաջողությունից հետո գրողը ձեռք է բերել առանձնատան երկրորդ հարկը` 425 հազար ֆունտով: Այնուհետեւ, երբ գրքերը նրան մեծ կարողություն են բերել, Ռոուլինգը կարողացել է տունն ամբողջությամբ գնել: Դրանից հետո տունը դարձել է Հարի Փոթերի երկրպագուների ուխտագնացության վայր, ինչն էլ ստիպել է գրողին տանը հսկողության բարդ համակարգ հաստատել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ներկայումս Ռոուլինգը բնակվում է Էդինբուրգի Բարնտոն արվարձանում գտնվող տանը, որը ձեռք է բերել 2 միլիոն ֆունտ ստերլինգով:
Բարնտոնի առանձնատնից բացի Ջոան Ռոուլինգը ունի նաեւ գյուղատնտեսական կալվածք կենտրոնական Շոտլանդիայի Պերտ քաղաքի տարածքում եւ տուն` Լոնդոնում:





























