Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 37-ամյա Արմեն Չախլազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ գիտակցության չգալով՝ մահացել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ վրաերթը կատարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Նշված ավտոմեքենան՝ առջեւի հատվածում վնասվածքներով, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել էր Մուսալեռ գյուղի հատվածում` կիսակառույց շինության մոտ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 06.40-ին, բաժին է ներկայացել Երեւանի բնակիչ, 52-ամյա Գագիկ Սեկոյանը եւ խոստովանել, որ վրաերթը, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:





























