Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը զրկվել է նորույթ լինելուց դեռ 2007 թ-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի պետ Սերգեյ Մինասյանը:

Նրա կարծիքով` հենց դրանով էր պայմանավորված այն, որ սեպտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանը չհայտարարեց նախագահ առաջադվելու մասին, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ ընտրություններից առաջ: «Այն ժամանակ գլխավոր պլյուսներից մեկը թեկնածուների թվում նրա ի հայտ գալու հարաբերական անսպասելիությունն էր: Չորս տարի անց այդ նորույթն այլեւս չկա: Կոնգրեսը կորցրել է իր հետեւորդների նշանակալի մասին, իսկ քաղաքական դաշտը բաժանվել է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:  Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ հայտնի է եղել իրավիճակին տրվող  իր գնահատականներով եւ լավ քաղաքական հոտառությամբ»,-նշեց Ս. Մինասյանը:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության մասին, ով արդեն հայտարարել է իր առաջադրման մաիսն, Մինասյանը նշեց, որ նա ունի իր ընտրազանգվածը: «Դրա համար նա մի քանի գործոն ունի` եւ ՀԱԿ-ի նախկին ընտրազանգվածի մի մասը, եւ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջեւ չկողմնորոշվածներին»,-ավելացրեց Մինասյանը: