Վայրի բնության սիրահար ձախորդ ամերիկացին որոշել է մոտիկից շփվել վագրերի հետ, ինչի արդյունքում զրկվել է աչքից եւ կարող էր մնալ առանց սրունքի: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան Նյու Յորքի կենդանաբանական այգում:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, 25-ամյա Դեւիդ Վիլլալոբոսը դուրս է թռել տրամվայից, որի միջոցով Բրոնքսի այգու այցելուները դիտում են կենդանիներին վերեւից: Նա վայրէջք  է կատարել այն  հատվածում, որտեղ սովորաբար բնակվում են ամուրյան վագրերը:

Երկնքից իջած հյուրի վրա հարձակվել է 11-ամյա Բոչուտա վագրը: Մարդու եւ կենդանու միջեւ պայքարը տեւել է 10 րոպե, մինչեւ որ դեպքի  վայր են հասել այգու աշխատակիցները: Նրանք Բաչուտային քշել են ջրցան խողովակով:

Տուժածը ծայրահեղ վիճակում անմիջպես հիվանդանոց է տեղափոխվել: Նա լուրջ վնասվածքներ է ստացել ձեռքերի, ոտքերի եւ մեջքի շրջանում: Բացի այդ ամերիկացին զրկվել է նաեւ աչքից, բժիշկները չեն բացառում, որ անհրաժեշտ կլինի անդամահատել Վիլլալոբուսին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Սա Բրոնքսի կենդանաբանական այգու գործունեության 35 տարիների ընթացքում առաջին դեպքն է, աշխատակիցները երբեւէ չեն պատկերացրել, որ ինչ որ մեկի խելքին կարող է նման բան փչել եւ ճանապարհը անվտանգ էին համարում: Հաղորդվում է, որ Բաչուտա վագրի նկատմամբ ոչ մի տեսակ միջոց չի ձեռնարկվի, քանի որ կենդանին իրեն բնական է  պահել  նման իրավիճակում: