Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը կարող է պայմանավորված լինել «Բարգավաճ Հայաստանի» հետ բանակցություններով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական գծով տնօրեն Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չհայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունները հարկ է դիտարկել նրա ռազմավարության պրիզմայով, այդ թվում`«Բարգավաճ Հայաստանի» հետ հնարավոր բանակցություններով: Ամեն ինչ կախված է նրա եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հստակության աստիճանից», – հայտարարել է Մ. Սարգսյանը:

Պատասխանելով ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին հարցին`փորձագետը նշել է, որ առայժմ ինչ-որ ակտիվություն վերջինիս կողմից չի նկատվում:

Բնականաբար, բարդ է խոսել նաեւ այն մասին`կարող է նա առաջադրվելու դեպքում ստանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի աջակցությունը:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մրցակցությանը ընդդիմության միասնական թեկնածուի կարգավիճակի համար,ապա այստեղ, կարծում է Մ. Սարգսյանը, կառուցողական որոշման ոչ մի նշան չի նկատվում. «Գաղափարներն այնքան խամրած եւ ոչ կառուցողական են, որ որոշակի ոչ մի գործողություն չեն ենթադրում: Նման հնարավորությանը չի հավատում ինձ հետ զրուցած կուսակցականներից եւ ոչ մեկը», – նշել է Մ. Սարգսյանը;

Հիշեցնենք, Հայաստանի նախագահի ընտրությունները կկայանան 2013թ. փետրվարին, հիմնական ինտրիգը ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումն է (ամենահավանականը  Լեւոն Տեր-Պետրոսյանն է, հնարավորներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը), ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուի մասնակցությունը`կամ Գագիկ Ծառուկյանի, կամ, նրա աջակցությամբ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: