ԱՄՆ Արեւմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է ամերիկահայերի ներդրումը Հայաստանի անկախության 21 տարիների ընթացքում:

«Մեր երկրի անկախության 21 տարիները նաեւ ձեր ջանքերի անդյունքն են, եւ այսօր կուզենայի իմ ու մեր երկրի անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ամեն մեկիդ ունեցած ներդրման համար», ասել է գլխավոր հյուպատոսը:

Տոնակատարությանը մասնակցել են նաեւ Լոս Անջելեսի եւ Գլենդեյլի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱՄՆ արեւմտյան ափում հավատարմագրված դիվանագետներ, Լոս Անջելեսի մարզի պաշտոնյաներ: ԼԱ Կառավարիչների խորհուրդը հատուկ հռչակագրով շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին` անկախության տոնի առթիվ:

Հանդիսության ժամանակ ելույթ են ունեցել Հարութ Փամբուկչյանը եւ Երգի պետական թատրոնի սաները: