Սպանդարյան-Գետափ գյուղի մոտ այսօր` սեպտեմբերի 22-ին ժամը 07:40-ի սահմաններում վթարի ենթարկված 35-ամյա Հակոբ Հակոբյանը Արթիկի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Շիրակի բաժնից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
«Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան մեքենան վարել է Գյումրի քաղաքի բնակիչ 35-ամյա Հակոբ Հակոբյանը: Դեռեւս չպարզված հանգամանքներում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Արդյունքում նա եւ հայրը` 70-ամյա Սամվել Հակոբյանը տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 08.00-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Սպանդարյան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 45 ՕՍ 652 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, 35-ամյա Հակոբ Հակոբյանը եւ ուղեւոր, 70-ամյա Սամվել Հակոբյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր տեղափոխվել են Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ Հ. Հակոբյանի առողջական վիճակը գնահատվել էր ծանր, իսկ Ս. Հակոբյանինը՝ միջին ծանրության:





























