Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը գնալով մեծանում է: Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` նախօրեին արած հայտարարությունը:
Իլհամ Ալիեւը Բաքվում դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ անկախության ժամանակահատվածի վրա հայացք նետելով կարելի է տեսնել, որ այս 20 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդն ավելի է մեծացել:
«Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն: Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը գնալով մեծանում է… Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանը՝ հորից որդի ժառանգաբար փոխանցվող ավտորիտար պետություն: Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը»,- նշել է Շարմազանովը:
Վերջինիս խոսքով, աշխարհի ամենաազդեցիկ երկրների ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների` տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը, միեւնուն ժամանակ` անխնա քննադատության ենթարկելով Ադրբեջանի ղեկավարի հակահումանիստական քայլը: «Մեզ համար հերոսներ են մեր շախմատի հավաքականի տղաները, իսկ նրանց համար` քնած զինվորին կացնահարողը: Իսկապես տարբերությունը շատ մեծ է»,- ամփոփել է ԱԺ փոխնախագահը:




























