Պակիստանում  «Մուհամեդ մարգարեի սիրո օրվա» ողբերգական հետեւանքներն  են իմի բերվում: Վերջին տվյալներով, ոստիկանության հետ բախման արդյունքում 20 մարդ է զոհվել, հրդեհվել է 6 կինոթատրոն եւ երկու բանկ:

Ինչպես փոխանցում է Al Jazeera-ն, թեեւ իշխանությունները զիջել են իսլամիստներին եւ սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր են հայտարարել, ցույցերը այնուամենայնիվ հանգեցրել են ոստիկանության հետ դաժան բախման եւ անկարգությունների: Ցուցարարները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, նույն կերպ  ոստիկանները պատասխանել են ցուցարարներին:

Որպեսզի ինչ որ ձեւ հանդարտեցվեն կրքերը, ամերիկացի պաշտոնյաները տեսագրություն են բաց թողել պակիստանյան հեռուսատընկերությունների եթերով: Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպանատունը հոլովակի ստեղծման համար ծախսել է 70 հազար դոլար: Նրանում Բարաք  Օբաման եւ Հիլարի Քլինթոնը բացատրում են, որ ամերիկյան կառավարությունը կապ չունի վատ որակի ֆիլմի հետ:

Ինչպես նշում է «Ուտրո.ru»-ն, Պակիստանից բացի, «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ իսլամական այլ երկրներում, այդ թվում Հորդանանում, Լիբանանում, Բանգլադեշում, Իրաքում, Մալազիայում, Աֆղանստանում: Եվրոպական երկրներից սակավաթիվ  բողոքի ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայում , Ֆրանսիայում ՆԳՆ-ն  արգելել է նմանատիպ ակցիաների անցկացումը: