Թբիլիսիի Գլդանի բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, որը հեռուստաալիքներին փոխանցել էր կտտանքներ եւ բռնություն պարունակող աղմկահարույց տեսագրությունները, հայտարարել է, որ գործել է ոչ թե ընդդիմության պատվերով, այլ «Վրաստանի ներկայիս իշխանություններին մերկացնելու համար»:
Բեդուկաձեն վրացական հեռուստաալիքներից մեկին հայտարարել է, որ հասել է նպատակին, այսինքն` ապագայում նման ոտնձգությունների կանխարգելմանը եւ Բաչո Ախալայայի հրաժարականին: Բեդուկաձեն նաեւ հայտարարել է, որ «նման սարսափելի փաստերի հայտնաբերումից եւ հրապարակումից հետո ցանկացած պետության ղեկավար արդեն հրաժարական պիտի տված լիներ, կարծում եմ, որ Վրաստանի նախագահն էլ այդպես պիտի վարվի», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հենց Բեդուկաձեն էր հեռուստաալիքներին փոխանցել Գլդանի բանտի սարսափելի տեսագրությունները: Զանգվածային ճնշման տակ հրաժարական են տվել ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան եւ պատիժների իրագործման, նախարար Խաթունա Կալմախելիձեն: Սակայն բողոքողները պահանջում են Ախալայայի ձերբակալությունը:
Վրաստանի դատախազությունը «բանտային սկանդալի» կազմակերպման մեջ մեղադրում է Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմությանը: Վրաստանի գլխավոր դատախազ Մարթազ Զադելավան հայտարարել է, որ Բեդուկաձեն այդ տեսագրությունների տարածման համար ստացել է 2 միլիոն դոլար: Իվանիշվիլին անձամբ նախագահ Սահակաշվիլիին վերջին խորհուրդն էր տվել` հեռանալ:
Մինչդեռ, Սահակաշվիլին սեպտեմբերի 21-ին «բանտային սկանդալն» անվանել է Վրաստանի վզին ռուսական ընտրությունը փաթաթելու միջոց: «Մեր երկրում շատ ռուսական փողեր կան, դա մեր վզին ռուսական ընտրությունը փաթաթելու փորձ է, սակայն մենք դա թույլ չենք տա, եւ մենք թույլ չենք տա, որ ազգը դառնա Գլդանի բանտի կալանավոր», - ասել է նա:





























